Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է։ Սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ. թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի։ Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում