Նախկինում 2 անգամ դատապարտվածը պահանջել է ապառիկով գարեջուր

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում 2 անգամ դատապարտված Վիգեն Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում 2012թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 22.30-ի սահմաններում, այցելելով Նոր-Նորքի 2 զանգվածի X հասցեում գործող «Զով» սրճարան, սրճարանի տնօրեն Սեդայից պահանջել է իրեն տալ գարեջուր ապառիկ վճարման պայմանով և չհանդուրժելով վերջինիս մերժումը` սկսել է անհարկի վիճաբանել վերջինիս որդու` Ժիրայր Ն.-ի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հայհոյանքներ է հասցեագրել Ժիրայր Ն.-ին և Գարուշ Ա.-ին և բռունցքով հարվածել է վերջիններիս, միայն հաճախորդ Արսենի միջամտությամբ այդ պահին վեճը դադարել է: Այնուհետև րոպեներ անց Վրգեն Պ.-ն դարձյալ վերադարձել է և շարունակել իր խուլիգանական գործողությունները, հետո դարձյալ այն կանխվել է, սակայն Վիգենը չհանդուրժելով Արսենի կողմից իր հասցեին արված դիտողությունը, մոտ 5 րոպե անց արդեն երրորդ անգամ ինքնությունը չպարզված 5-6 անձանց հետ վերադարձել է նույն սրճարան, դարձյալ վիճաբանել և բռունցքով, նաև իր կողմից որպես զենք օգտագործված սրճարանի պլաստմասե աթոռով, գարեջրի ապակյա տարայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արսենի դեմքին և մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ պատճառելով առողջության քայքայումով թեթև վնասվածքներ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել