Մայիսի 14-16-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվել է շախմատի ներհիմնարկային մրցաշար։
Արդարադատության նախարարության փոխանցմամբ` առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալները մայիսի 18-ին հանդիպել են «Էրեբունի» ՔԿՀ-ում, որտեղ էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ շախմատի ակադեմիայի աջակցությամբ անցկացվել է արագ շախմատի միջհիմնարկային առաջնության եզրափակիչ փուլը։
Միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանի սպասարկմամբ` լարված պայքարի արդյունքում, թիմային հաշվարկում առաջին տեղը գրավել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, երկրորդ տեղը` «Սևան» քրեակատարողական հիմնարկը, իսկ երրորդ տեղը` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը։
Անհատական հաշվարկում առաջին տեղը նվաճել է Լևոն Մարգարյանը («Կոշ» ՔԿՀ), երկրորդ տեղը` Հարություն Դանիելյանը («Վարդաշեն» ՔԿՀ): Հավասար միավորներով երրորդ մրցանակին արժանացել են Աշոտ Դալլաքյանը («Սևան» ՔԿՀ) և Գառնիկ Հայրոյանը («Կոշ» ՔԿՀ): Դատապարտյալ Անդրանիկ Սեդրակյանը («Վարդաշեն» ՔԿՀ) արդար խաղի համար արժանացավ հատուկ պատվոգրի, իսկ Ալբերտ Ավետիսյանը («Էրեբունի» ՔԿՀ)` գեղեցիկ խաղի համար սահմանված մրցանակին։
Շատ դատապարտյալներ էլ արժանացել են խրախուսանքների և պատվոգրերի ՀՀ ԱՆ ՔԿՎ ղեկավարության կողմից։
Մրցաշարին ներկա են եղել ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը և գրոստմաստերներ, օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։ Նրանք միաժամանակյա խաղ են անցկացրել դատապարտյալների հետ։ Չնայած ծավալված թեժ պայքարին, այնուամենայնիվ, դատապարտյալներից ոչ մեկին գրոստմաստերներին հաղթել չի հաջողվել։
Հանդիպման վերջում դատապարտյալները շախմատիստներին են հանձնել իրենց ձեռամբ պատրաստած հուշանվերներ։