Հայաստանի Քննչական կոմիտեն ազգությամբ արաբ եւ Սիրիայի քաղաքացի եւս 3 վարձկանի է մեղադրանք առաջադրել, որոնք ներգրավված են Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին եւ Աբու Դիաբ Հալաբին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի համապատասխան հոդվածներով, որոնք վերաբերում են միջազգային ահաբեկչությանը, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներին եւ վարձկանությանը:
Որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ միջնորդություններ ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ավելի վաղ ՀՀ իրավապահները մեղադրանք էին առաջադրել եւս երկու վարձկանի, որոնք մասնակցել են Արցախում ռազմական գործողություններին: