Այլընտրանքային երկրներ, որտեղից հնարավոր է ներկրել այն ապրանքները, որոնք արգելվել են ներկրել Թուրքիայից․ նախարարը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թուրքական ծագման ապրանքների ներկրման և տեղական տնտեսվարողներին այլընտրանքային երկրներ ուղղորդելու հարցերին:

«Նախ գիտեք, որ ոչ բոլոր ապրանքների ներկրումն է հունվարից սահմանափակվելու, այլ՝ վերջնական սպառման ապրանքների։ Համապատասխանաբար, այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելու ընթացքում որոշ չափով օգտագործում են նաև թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն կունենան ավելի երկար ժամանակահատված դիտարկել՝ շարունակելով ներկրել և իրենց արտադրության բնականոն ընթացքը չխաթարել, իսկ վերջնական սպառման ապրանքների համար մենք առանձին վերցված նշել ենք, որ դեպքեր կան, որ հարևան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են, դեպքեր կան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են այլընտրանքային շուկաները»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ իրենց հայտարարությունից հետո, որ հունվարի մեկից թուրքական որոշ ապրաքներ հնարավոր չի լինի ներկրել Հայաստան, ոչ մի տնտեսվարող իրենց հետ չի կապնվել խնդրով, թե որտեղից կարող են ներկրել տվյալ ապրանքները: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ իրենք լավ գիտեն այլընտրանքային երկրների տեղերը: Այնուամենայնիվ, եթե կլինեն բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք այս հարցում խորհրդատվության կարիք կունենան, նախարարությունում նշանակել են համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կլսեն, կօգնեն, որ գտնվեն համապատասխան տեղեկություններ և կնպաստեն, որ բիզնեսները վերակառուցելու արդյունքում մարդիկ հնարավորինս քիչ խնդիրների բախվեն:

Նախարարն ասաց, որ ուրիշ երկրներից ապրանքների ներկրումը գնաճի պատճառ չի կարող դառնալ որևէ սեգմենտում: Ցիտրուսային մրգերն էլ կբերվեն Իրանից, Հունաստանից, Եգիպտոսից, Թունիսից: Նրա խոսքով՝ միայն Թուքիայից չէ, որ կարելի է գնել ցիտրուս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել