Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է մերօրյա հերոսներից Էմիլ Մարտիրոսյանի մասին։

«Հետմահու գրված բազմաթիվ տողերն առաց հուզմունքի կարդալը բարդ է: Բոլոր գրառումներն էլ հպարտության և լուսավորության որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, քանի որ նա ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր:

«Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»,- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Էմիլ Մարտիրոսյանը սիրում էր մեջբերել ռազմաքաղաքական անվանի գործիչ Գարեգին Նժդեհի այս խոսքերը:

Հարազատների բնորոշմամբ՝ Էմիլը սիրում էր կյանքը: Նրա համար կյանքը ինքնին ամենալավ բանն էր, որը կարող էր լինել։

Ապագա բժիշկ-մարտիկը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին, Արտաշատում: Երկու քույրերի փոքր եղբայրն ու հայրենիքի պաշտպանը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին, զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում: Շատ ժամանակ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Էմիլը զոհվել է հոկտեմբերի 1-ին զինվորական պարտքը կատարելիս:

«Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին: Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու: Բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

Էմիլը ծնողասեր զավակ էր, հոգատար ընկեր և եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում և իր զորամասն ամենալավերից է:

«Մարդկային տեսակն էր այդպիսին. թույլին կարեկցող էր և սատարող, անարդարությունը՝ չհանդուժող: Հպարտությամբ էր կրում զինվորական հագուստը: Պատերազմի մեկնարկից երեք օր անց զանգահարեց. վերջին խոսակցությունն էր: Կարևորը ձայնը լսեցինք և հանգիստ էինք: Նա այդպես էլ չհասցրեց իմանալ, որ մեծ քույրն իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 19-ին»,- նշում է Մարիամը:

«Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»: Միասին հասցրեցինք սովորել ընդամենը մեկ տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը:

Երբեք չենք մոռանա ձեր կատարած սխրանքը, մեր կյանքի համար պարտական ենք ձեզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել