Ես անընդհատ բախվում եմ այն իրականությանը, որ այո՛, շատ-շատերն արտերկրում հասկանում են մեզ, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ոչ արժեքները և ոչ մարդու իրավունքները։ Եկե՛ք մտածենք ինքներս մեր ուժերի վրա հույս դնելու մասին։ Եկե՛ք մեր աչքը դրսում չպահենք։ Եկե՛ք չմտածենք, որ կողքից ինչ-որ մեկը պետք է գա, մեզ օգնի, որ մենք կարողանանք մեր տունը, մեր հայրենիքն ու իրավունքները պաշտպանել։ Եկե՛ք մեկ բռունցք դառնանք, եկե՛ք միավորվենք մեր դիրքապահ տղաների կողքին, ով կարող է զենք վերցնել, թող զենք վերցնի, որ կարողանանք հավետ ունենալ մեր հայրենիքն ու արժանապատվությունը, այլապես կկորցնենք մեր հայրենիքը և ջուրը կլցնենք մեր նախկին բոլոր զրկանքները»,-նշել է նա։
Բեգլարյանը նշել է, որ այս օրերին ինքն էլ է մտածում իր առաքելությունը դադարեցնելու և ՊԲ շարքերում կցագրվելու մասին։
«Մենք դիրքապահ տղաների, ամուր կանգնողների և հայրենիքը պաշտպանողների կարիք ունենք։ Մենք «Ֆեյսբուքում» մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք։ Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք ինքներս մեր ներուժով, որ կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ հանուն մեր ապագա խաղաղության, հանուն մեր արժանապատվության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության։ Ով չի կարողանում դիրքերում կանգնել, թող թիկունքում հնարավորինս պաշտպանի հայրենիքը՝ բժիշկներ, փրկարարներ, ենթակառուցվածքների սպասարկողներ և այլն։ Պարզապես ոգի տվողները, պարզապես հետաքրքրվողները, թե սահմանին ինչ է կատարվում, բայց մատը մատին չտվողները մեր հայրենիքը չեն պաշտպանում։ «Եթե կորցնենք Արցախը, մենք շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը»։ Սա հանճարեղ Մոնթեն է ասել։ Միգուցե վերջին էջը չլինի, նախավերջինը լինի…»,-նշել է նա։