Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանից հայտնում են.
«Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:
Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը:
Ռազմական բժիշկը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:
Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։
Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»:
Ռազմաբժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողներից Գարիկ Մանուկյանը, չնայած ունեցած ձեռքբերումներին, շատ նպատակներ ու երազանքներ ուներ:
Ազգի արժանի հերոս բժիշկը հավերժ կմնա գործընկերների հիշողության մեջ»: