Նախատեսում ենք 8 հաստիքով ավելացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունն արտասահմանում

Արտաքին գործերի նախարարության համար նախատեսվում է բյուջեի լրացում: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազգային ժողովում՝ Հայաստանի 2021 թվականի բյուջերի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետական բյուջեի միջոցներով և նվազեցնել կամ բացառել այն տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են և որոնք վերաբերում են անմիջապես դիվանագիտական գործունեության իրականացման գործառույթներին: Մեր բարեփոխումների կարևոր տարրերից մեկն այն է, որ մենք փորձում ենք մաքսիմալ լայն աշխարհագրական ռոտացիա իրականացնել յուրաքանչյուր դիվանագետի համար և այդ առումով բալանսավորումը ներկայացուցչությունների կարողություններն աշխարհի տարբեր կետերում մեր կարևոր նպատակներից մեկն էր:

Այսինքն, յուրաքանչյուր դիվանագետ, երբ որ իր փորձը կուտակում է աշխարհի տարբեր կետերում և մի կետի փորձը ներդնում է այլ կետում, այլ ուղղությամբ, այդ ամբողջ համակարգի մեջ, դա ուժեղացնում է մեր պրոֆեսիոնալ կարողությունները, այդ աշխատանքի մեթոդն արդեն ի ցույց է դրել  իր արդյունավետությունը»,- ասաց ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նաև նշեց, որ մարդկային ռեսուրսների առումով ևս կուժեղացվի երկրի դիվանագիտական ներկայացուցչությունն աշխարհում:

«Հաջորդ տարվա համար մենք նախատեսում ենք 8 հաստիքով ավելացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունն արտասահմանում: Սա նույնպես հետևողական աշխատանք է լինելու»,- ասաց Մնացականյանը և հավելեց, որ այս գործողությունների դրական ազդեցությունը կանդրադառնա ամբողջ համակարգի վրա:

Նա նաև կարևորեց մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացի ամրապնդումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել