Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիս-արևելեյան ուղղությամբ փորձել են հարձակումներ իրականացնել։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա խոսել է նաև Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացման մասին, որի գործողությունը անվանել էին «գյոռբագյոռ»․ «Իրենց հասանելի լեզվով ենք գրել, որ հասկանան»։
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։
«ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում։ Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,-նշել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ այս պահին չի կարող ասել` Հայաստանի սահմանին խոցված ԱԹՍ-ները հարվածային էին, թե հետախուզական, քանի որ շատ արագ և ուշ ժամի են խոցվել․ «Կամփոփենք, կներկայացնենք»։
Նա հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-երի վիճակը այս օրերին ավելի լավ է, քան 15 օր առաջ։