«Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է». Վլադիմիր Բալայանի հերոսական պայքարը

Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։

Բալայանը «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարն էր։ Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։

Վլադիմիրը կանխագուշակում է, որ իրենց գյուղի (Մարտակերտի շրջան, Մոխրաթաղ) վրա հարձակվում են։ Վաճառեց ավտոմեքենան, զենք գնեց և ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն։ 1991 թվականի ձմռանը Շահումյանում հանդիպման եկան Վլադիմիր Բալայանը և Լեոնիդ Ազգալդյանը։ Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար։ Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը և Վլադիմիրը, 1990-1991 թվականներին կոչվել է «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ։ Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ։

Նրանք տիրապետում էին արևելյան մարտարվեստներին և անընդմեջ կոփում իրենց մարմինը։ Նույնիսկ ծանր մարտերից հետո կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները։ Սակայն ամենից կարևորն ու հատկանշականը երկու հրամանատարների՝ միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը։ Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը։ Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը, տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից։ Սակայն Վլադիմիրը անկոտրում էր․ «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»։ Եվ նա մինչև վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում։ Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում։ Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան և տալով ընդամենը 4 զոհ։

Դժբախտաբար, 5-րդը և 6-րդը եղան հենց իրենք՝ երկու հրամանատարները։ Բալայանը զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Նա մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

Հուշարձան է կանգնեցվել նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Աղաբեկալինջի գերեզմանատանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել