Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վազգեն Պ.-ի, Սոնա Թ.-ի, Սուրեն Ա.-ի և Գևորգ Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վազգեն Պ.-ն մեղադրվում է նրանում, որ 2012թ. հուլիս ամսին կազմակերպել է իր կնոջ Սոնա Թ.-ի միջոցով, ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում բնակվող, ազգությամբ հայ Սուրեն Ա.-ից իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու ապօրինի գործընթացը, ՀՀ տեղափոխված խմբաքանակից «մեթադոն» տեսակի զգալի չափերով թմրամիջոց է իրացրել Սմբատ Գ.-ին, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել «բուպրենորֆին» տեսակի զգալի չափերով թմրամիջոց, որն իրացրել է Գևորգ Շ.-ին, բացի այդ, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել «հաշիշ» տեսակի խոշոր չափերով թմրամիջոց:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Գործով մեղադրյալ Վազգեն Պ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրյալներ Սոնա Թ.-ի, Սուրեն Ա.-ի և Գևորգ Շ.-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net