Նախագահն արդեն ծանոթացել է ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:
Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,- գրել է նա և կից ներկայացրել նամակի բովանդակությունը:

«Մաքսիմալ տարածել, ժողովուրդ ջան
Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին
Մեծարգո՛ նախագահ
Ավելի քան մեկ ամիս է մենք լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, պատերազմ, որը մեզ պարտադրվել է, և որը մղում ենք հանուն Արցախի ժողովրդի լինելիության ու մեր պետականության:

Եվ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի և Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց:
Որպես այս պահին առաջնագծում մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ առաջարկում եմ պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին և զինապարտներին ազատել աշխատանքից:

Իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչպիսի դիրքորոշում ունեն օրհասական պահին երկիրը մտացածին խնդիրների հիման վրա լքած ու տաքուկ անկյուններում պատսպարված պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակի պաշտոնյաների, ինչպես նաև այդ գործում նրանց օժանդակություն ցուցաբերած անձանց նկատմամբ:
Սպասում եմ իշխանությունների ամենակոշտ գործելակերպին:
Իմ անձնական պահանջին կարող են միանալ բոլոր ցանկացողները, որի դեպքում նամակս կարող է հանրագրի ձևաչափ ընդունել:
Զարինե Սառաջյան
Հ.Գ. Լուսանկարում մեր հերոս տղաներն են, որոնք առաջնագծից կարևոր խորհուրդ են փոխանցում՝ այ այսպես ձեռք ձեռքի տված»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել