ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը:
«Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։