Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) հովանու ներքո կայացած ուսանողական համաշխարհային մտավոր խաղերի առցանց առաջնության արագ շախմատի մրցաշարում շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 400 շախմատիստ՝ 32 երկրից, որոնցից յուրաքանչյուրը կարող էր ներկայանալ առավելագույնը 5 թիմով։ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՀ շախմատի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում ստուգատեսին Հայաստանը ներկայացել է համալսարանական միասնական ընտրանիով, որում ընդգրկված են եղել ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ՝ Հայկ Մարտիրոսյանը (ՀՖԿՍՊԻ), Մանուել Պետրոսյանը (ՀՖԿՍՊԻ), Շանթ Սարգսյանը (ՀՖԿՍՊԻ), Տիգրան Հարությունյանը (ՀՊՏՀ), Աննա Սարգսյանը (ՀՖԿՍՊԻ), Սիրանուշ Ղուկասյանը (ՃՇՀԱՀ)։ Մեր ընտրանին հանդես է եկել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ։
Մրցումային առաջին երեք օրերի արդյունքով 1-16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ այդ թվում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի ընտրանին, պայքարը փլեյ-օֆֆ փուլում շարունակելու հնարավորություն են ստացել։ 1/8 եզրափակչում հայ շախմատիստները 4։0 հաշվով հաղթել են Լեհաստանի ընտրանուն, 1/4 եզրափակչում մեր ընտրանին 3։1 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի թիմի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչ 0․5-3․5 հաշվով պարտվել է ապագա չեմպիոն Չինաստանի ընտրանուն՝ հնարավորություն ստանալով պայքարելու երրորդ տեղի համար։ Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ընտրանին 2․5-1․5 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ընտրանուն։ Նշենք նաև, որ առաջին տեղի համար պայքարում Չինաստանի ընտրանին 2․5-1․5 հաշվով հաղթել է Ուկրաինային։