Ես ուզում եմ եղբորս երեք տղաները լինեն վերջին հայր կորցնողը․ Նանե Արզումանյան

Լրագրող Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այստեղ նկարում դեռ ավագ լեյտենանտ էր իմ կապիտանը։

Ես սովոր եմ 23 տարի շարունակ Մորս միշտ անքուն տեսնել ու ծնկի իջած լուռ աղոթք անելիս, որովհետև ամեն ամսվա 15 օրը Հերոսս առաջնագծում է եղել: Եղբորս իր ծառայությունը բավարար չէր, իր կնոջն էլ տարավ Մեխակավան, որ միասին ծառայեն ազգիս: Իմ Արտուշը կոփում էր զինվորներին սահմանում, իսկ իմ Հռիփսիմեն բուժում էր նրանց հոսպիտալում: Հենց այնտեղ՝ Արցախիս սրտում, ունեցան երեք որդի. Հերոսիս նպատակն էր ազգը շատացնել: Մեծ որդին՝ իմ 18 տարեկան Արարատը, մեկ ցանկություն ունի միայն՝ շարունակել հոր կիսատ թողած գործը, 16 տարեկան Էրիկս Հերոսիս հայրենասիրության վառ օրինակն է, իսկ 10 տարեկան Կարենս ամեն րոպե դեռ ուզում է գնալ Մեխակավան ու սպասել Հորը, որովհետև վստահ է, որ կգա…

2016 թվականին` քառօրյայից հետո, երբ իմացա, որ 2 բժիշկների և 2 սակրավորների հետ իր ստորագրությամբ գնացել էր մեր դիերը տեղափոխելու, աղոթում էի, որ կրկին պատերազմ չլինի, որովհետև չգիտեի էլ` ինչպիսի հերոսություն կարող էր անել դրանից զատ… Այս ընթացքում ընկերները պատմեցին, որ մնացել է 40 րոպե շրջափակման մեջ, բայց, միևնույն է, հաղթահարել է, դուրս եկել՝ իր հետ փրկելով մի շարք զինծառայողների կյանքեր: 66 տարեկան Հորս կանչել էր, տարել այնտեղ, որ օգնի իր վիրավոր զինվորներին, հայրս և իր կինը շարունակում էին մնալ հոսպիտալում: Գումարտակի մեքենաները թշնամու կողմից ոչնչացվելուց հետո նա իր անձնական մեքենայով է շարունակել զինամթերք տեղափոխելը, բայց վերջին անգամ չհասցրեց, կանգնել էր ճանապարհին, որ օգներ վիրավոր Տղաներին, բայց գնաց՝ բռնելով հավերժի ճանապարհը։ Հիմա նրանից ինձ մոտ մնացել են միայն բազմաթիվ պատվոգրերն ու ծառայության համար ստացած բազմաթիվ մեդալները: Մենք հիմա չունենք նրա մարմինը, որ սգանք ու մի փոքր սփոփվենք, մենք դեռ սպասում ենք, որ մոխրացած նմուշից մեկը համընկնում ունենա: Ես չգիտեմ էլ, թե ինչպես եմ նրան շարունակում փնտրել, բայց ես այլ տարբերակ չունեմ. գոնե սառած մարմնից մի մաս պիտի լինի, որ կարողանամ ընտանիքիս տանել սև ժապավեններ: Ես ապրում էի միայն Հերոսիս համար, ամեն քայլս նրանով էր սկսվում, հիմա պիտի շարունակեմ ապրել ծնողներիս ու նրա որդիների համար, որ կիսատ թողած երազանքները կարողանամ հասցնել ու որդիներին արժանի Զինվորներ դարձնել մեր Հայրենիքի համար:

Ես կորցրել եմ իմ Թիկունքին, որ դիմագիծս՝ Հայրենիքս, պահպանվի:

Իմ ա’զգ, իմ սիրելի’ Հայրենակիցներ, ես ուզում եմ` իմ քրոջ հետ միասին լինենք վերջին Քույրերը, որոնք նման կսկիծ են տեսնում, ես ուզում եմ իմ Հերոսով վերջանա կորուստը մեր Ազգի, ես ուզում եմ իմ լույս Հարսիկը լինի վերջին սգացող այրին, ես ուզում եմ Եղբորս երեք տղաները լինեն վերջին Հայր կորցնողը, ես ուզում եմ, որ Ծնողներս լինեն վերջին մղկտացողները: Օգնե’ք ինձ, որ ցանկությունս կատարվի, ինձ օգնե’ք Ձեր վստահությամբ, ինձ օգնե’ք Ձեր հավատով, որ կհաղթենք, ինձ խոստացե’ք, որ ոչ մի վայրկյան չեք հուսահատվելու: Խոստացե’ք, որ ոչ մի խոսքով այլևս չեք ատելու միմյանց, խոստացե’ք, որ որևէ փոխզիջման ակնարկներ չեք անելու:

Ես հիմա դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ իմ հրամանատարից Դուք մեծ եք ընդամենը 4 տարով, թույլ տվեք դիմել Ձեզ որպես իմ Եղբայրների և խնդրել, որ ամուր մնաք. մենք ուրիշ տարբերակ չունենք: Ես Ձեզնից չեմ պահանջելու, թե ինչպես պահպանեք մեր Հողը, որովհետև բոլորիցս լավ գիտեք:

Իմ վարչապե’տ, Եղբորս հանդեպ ունեցած ողջ Սերս փոխանցում եմ Ձեզ, որ զորանաք, որ հաստատո’ւն մնաք Ձեր կամքին, որ վստահ լինեք՝ Ձեզ հետ եմ մինչև վերջ՝ չթուլանա’ք, գիտեմ, որ իմ կորուստը նաև Ձերն է, մեր Տղերքի ուժը փոխանցված է Ձեզ՝ գնացեք մինչև վերջ:

Իմ նախագա’հ, խոստացեք, որ չեք կորցնելու Ձեր ժպիտը, խոստացե’ք, որ այդ ժպիտով կերտելու եք մեր հաղթանակը, խոստացե’ք, որ ամուր եք մնալու. Դուք դեռ Ձեր վստահությամբ աշխարհին պատմելու շատ բան ունեք. Եղբորս չապրած օրերի ուժը փոխանցում եմ Ձեզ ու հավատում եմ Ձեզ:

Մենք պիտի հաղթենք…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել