Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ժնևում արդյոք կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այո՝ ապա ինչ ակնկալիքներ ունի նա՝ ասաց.
«Որքանով որ հասկանում ենք Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ, այլ բանակցությունների ինչ-որ սկիզբ է կամ փորձ, սակայն պիտի ասեմ հետևյալը, որ խորհրդարանական ուժերը որևէ խողովակով, որևէ ձևով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու: Ես չգիտեմ, թե ինչ են բանակցում, որևէ տեղեկություն չունենք: Երեկ, եթե հարց ու պատասխան լիներ՝ միգուցե իմանայինք: Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչ ակնկալենք: Մեծ հաշվով, որևէ բան չեմ էլ ակնկալում, որովհետև քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող արդյունավետ ստացվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա անդրադարձավ երեկ Ֆրանսիայում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպերին և կոչ արեց սփյուռքի հայրենակիցներին չտրվել սադրանքներին և չբախվել թուրքերի հետ:
«Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր և ես կոչ եմ անում մեր հայրենկիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող է բերել բախումների Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, կապ չունի, որտեղ ուզում է լինի: Այո, պատերազմի մեջ ենք և պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը, որը կա դրսում: Սա շատ վտանգավոր բան է, ինչը մենք տեսել ենք նաև հուլիսյան դեպքերից հետո Մոսկվայում և տարբեր քաղաքներում, որը որ մի կերպ կանգնեցվեց: Հիմա նույն բանի կրկնությունը մենք չպետք է թույլ տանք»,- ասաց պատգամավորը: