Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բերձորի ուղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հոջղվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈՒ-երին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։
Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ՝ հրետակոծություն, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ Օրվա ընթացքում դուք տեսաք ապացույցները Ադրբեջանի վայրագությունների, որոնց արդյունքում կան քաղաքացիական անձանց զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանն ու այլ շինություններին»,-ասաց նա։
ՊՆ ներկայացուցչի խոսքով, դրանց մասին առանձին նշվել է Արցախի, ՀՀ ԱԳՆ-ի կողմից, հրավիրվել է աշխարհի ուշադրությունը։
«Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ և նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին առարկայական զարգացումներ այս պահին նշել չեմ կարող»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։