ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են պատերազմական գործողություններին մասնակցող զինվորական անձնակազմի կամավորագրված անձանց պետական պաշտպանության և աջակցման, հետպատերազմյան շրջանում նրանց՝ հասարակական կյանքում վերաինտեգրման, ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության կառուցակարգերի և ռեսուրսների ամրապնդման և արդյունավետ օգտագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ ծրագրերի մշակման և իրականացման հարցերը:
Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական էջից:
Նիստին ներկա էին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գեղամ Օհանյանը, ով նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձաժողովի նախագահն է և հանձնաժողովի անդամներ:
Հանձնաժողովականներից Տիգրան Բաբասյանը քննարկման էր ներկայացրել 4 դրույթներից բաղկացած հակիրճ նախածրագիր, որի հիման վրա հետագայում կարող է մշակվել ծրագրային փաթեթ՝ ուղղված պատերազմական շրջանում և դրանից հետո ծագած հնարավոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ տարբեր ասպեկտներով և ոլորտներում:
Քննարկման ընթացքում ի հայտ եկան մի շարք հարցեր, որոնք առնչվում են նաև ներկայիս իրավակարգավորումներին, որոնցով հնարավոր բազմաթիվ խնդիրների համար առաջարկվում են կոնկրետ լուծումներ, սակայն նախկինում դրանք գործնականում լիարժեք չեն կիրառվել, ուստի՝ խնդիր դրվեց ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել առկա օրենսդրական կարգավորումներն ու վեր հանել այն բացերը, որոնք խոչընդոտում են դրանց լիարժեք կիրարկմանը:
Հանձնաժողովի անդամ Ստեփան Բադալյանն առաջարկեց գործարկել երկրի տարածքային, բնակլիմայական ու ռելիեֆային առանձնահատկությունների վերաբերյալ համացանցային կայք-ուղեցույց, որը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին ուղղակի կապ հաստատել իրավասու մարմինների հետ և ներկայացնել իրենց առաջարկություններն ու ահազանգերը: Բանախոսի կողմից հատուկ ընդգծվեց կայքի նշանակությունը պատերազմական իրավիճակներում:
Հանձնաժողովի անդամները պատրաստակամություն հայտնեցին ռազմական դրության ժամանակ իրենց մասնագիտական և գործնական աջակցությունը ցուցաբերել Կառավարությանը, զինված ուժերին և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվող աշխատանքային խումբը կուսումնասիրի վեր հանված բոլոր հարցերը, կմշակի առաջարկությունների փաթեթ, որից հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ՝ դիտարկելու վերջնառաջարկներն ու ներկայացնելու ՀՀ Հանրային խորհրդի քննարկմանը: