Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արամ Մ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 18.02.2013թ-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում Երևանի 6/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով իր վերաբերյալ կեղծ տվյալներ հայտնելով, ստացել է քվեաթերթիկ և ծրար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել կատարել քվեարկություն և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ :
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով, իսկ նույն օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: