Հաճախ անհրաժեշտ է լինում բռնագանձում տարածել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժնի վրա:
Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, և բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:
Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:
Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net