Երեկ գիշերը հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն (Սանասար)․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ երեկ տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն (Սանասար) և որոշ ուղղություններով առաջանալ։

«Ադրբեջանական ԶՈՒ-երը, որոնց հետ միացած են ահաբեկչական կազմակերպություններ և այլ պետությունների ԶՈւ-երի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել  ճեղքել ռազմաճակատը, տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը»,-նշել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ նախկինում նշված՝ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ջախջախման գործողությունները։

«Որոշ դիվերսիոն խմբեր նույնիսկ թողնելով մեքենաներ փախել են, սակայն որոշ գյուղերում մարտերը շարունակվում են, Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում։ Որոնողական և ջախջախման գործընթացները շարունակվում են։ Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն, մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորը այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ նահաջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկջոկատայիններին։ Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքը ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ։ Վիճակը ծանր է, մարտերը դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ։ Այսօր հայ գեներալը ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում։ Կանգնած է զինվորի կողքին, կամավորականի կողքին և ես վստահեմ եմ, որ հաղթելու ենք։ Մենք այսպիսի օրեր շատ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, մենք շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, այլընտրանք չունենք։ Սա  մեր գոյության կռիվն է»,-նշել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Կուբաթլուի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում, 1993 թ․ ամռանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել