Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`
1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.
2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:
Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:
Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Միևնույն քրեական գործով, ինչպես նաև դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ:
Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`
1) 1 տարին
2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց
Նշենք նաև, որ դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:
Աղբյուր՝ Իրավաբան.net