Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 20-ին և 21-ին հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի հիվանդանոցներ կվերապրոֆիլավորվեն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված։
Հրամանների համաձայն, «Իռ-վինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առանձնացված մասնաշենքում կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք` 34 մահճակալով։
«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն ծառայությունը կվերապրոֆիլավորվի և նույն բաժանմունքում կկազմակերպվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
«Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք 50 մահճակալով: Բաժանմունքում կազմակերպվի միայն կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:
«Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «Ա» մասնաշենքի 3-րդ հարկում կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություններ մատուցող բաժանմունք՝ 50 մահճակալով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդեն վերապրոֆիլավորվել են «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց», «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Սպիտակի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները։