Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ: Այս նորմն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածում:
Դատարանի որոշմամբ բնակարանի խուզարկության կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
«Ինչ վերաբերում է բնակարանի զննությանը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելուն, ինչպես նաև այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ տեխնիկական միջոցների գործադրմամբ այնտեղ մուտք գործելուն, ապա քրեական դատավարության ընթացքում այդ գործողություները կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»,- iravaban.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ խուզարկություն կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի քննիչը բավարար հիմքեր ունենա ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար:
Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:
Հիշեցնենք, որ բնակարանի խուզարկություն կատարելու համար քննիչը նախ պետք ստանա դատարանի թույլտվությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net