Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:
Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ օրենքով սահմանված բռնագանձման ոչ ենթակա գույքը:
Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:
Արգելանքը կիրառվում է`
1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.
2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.
3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:
Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:
Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:
Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:
Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:
Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:
Աղբյուրը` Իրավաբան.net