«Նկատեցինք մեզ մոտեցող սիլուետը. Ալիկինն էր, իսկ կողքին՝ բարձրահասակ ու հաղթանդամ մի տղա՝ ПК-ն ձեռքին»․ Արեգ Սարդարյանը՝ կամավորի մասին

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի պայքարում իր մասնակցությունն ունենալու համար Արցախ էր մեկնել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը։ Նա նոր է վերադարձել առաջնագծից։

Արեգը պատմում է այս օրերին Արցախում իր հանդիպած կամավորներից մեկի մասին․

«Պատերազմի գորշության մեջ միշտ կարելի ա գտնել պայծառ կետեր։ Ուզում եմ պատմել ձեզ մի լուսավոր պատմություն՝ լուսավոր մարդկանց մասին։

Օրեր առաջ էր՝ հերթական խնդրով հերթական կանգառն արեցինք։ Մեքենայից իջանք ու սկսեցինք հայացքով տարածքը չափել, հավաքվածներին լուռ զննել։ Մի կողմում զինվորների փոքր խմբեր էին, որոնք ծանր մարտերից հետո փորձում էին շունչ առնել, իսկ մյուսում՝ կամավորների առանձին խմբեր։ Բարևեցինք ու սկսեցինք իրերն իջեցնել մեքենայից։ Քանի դեռ փորձում էինք հասկանալ, թե ինչ պիտի անենք, որտեղից պիտի սկսենք, բոլորիս հայացքը կանգ առավ կամավորներից մեկի վրա, ով անհանգիստ շարժումներ էր անում, անընդհատ մի կետից մյուսն անցնում։ Կարծեցինք՝ վախեցած ա։ Ուսապարկերը վերցրինք ու ուզում էինք շարժվել, երբ մոտեցող մեքենայի շարժիչի ձայնը լսեցինք։ Կանգ առանք։ Կամազի թափքում զինվորներ էին։

-Արթու՜ր, Արթու՜ր,- աղմուկի մեջ լսվեց։

Թեքվեցինք ու տեսանք «վախեցած» կամավորին, ով արագ նետվեց դեպի մեքենան։ Դավթի հետ նայեցինք իրար ու գլխի շարժումով իրար «բացատրեցինք», որ հասկացել ենք՝ ինչ ա կատարվում. կամավորն անհանգիստ սպասում էր որդուն…

Երկու օր լուռ հետևում էինք էդ մարդուն, տեսնում ապրումները, յուրաքանչյուրս մյուսներից թաքուն հուզվում ու արագ կորում էինք բոլորի տեսադաշտից, որ հանկարծ «չվառենք» մեզ։

Արդեն չեմ հիշում՝ ոնց ծանոթացանք Ալիկի՝ «վախեցած» կամավորի հետ, բայց շատ արագ դարձանք լավ ընկերներ։ Աշխատում էինք շատ հարցեր չտալ, որովհետև ոչ մի տեղեկություն չունեինք տղայից։ Ուղղակի լուռ կիսում էինք ապրումները, փորձում օգնել։ Վերջապես տեսավ Արթուրին՝ որդուն, բայց դրանից հետո էլ շարունակում էր անհանգիստ մնալ։ Երեկոյան թեյ պատրաստեցինք ու Ալիկին հրավիրեցինք՝ թեյ խմելու։ Չհասցրեց թեյը խմել։ Անընդհատ դուրս էր թռնում, մենք էլ՝ հետևից։ Պարզվեց՝ երկու որդի ունի, երկուսն էլ նույն զորամասում են ծառայում… երկրորդից դեռ լուր չուներ։ Ուշ գիշեր էր։ Նստած զրուցում էինք դեսից-դենից, իրար պատմում դիրքերում եղած օրերից։ Ալիկին փորձում էինք հանգստացնել։ Ասում էի՝ մեր ընկերը գալու ա՝ տղերքի հետ նկարի իրեն ու նկարը հասցնի տուն։ Ալիկը ժպտում էր ու կրկնում՝ եթե տղերքից, գոնե, մեկի ստորաբաժանմանը չկցեն իրեն, մեզ կմիանա։ Անընդհատ ասում էր՝ էս ամենը վերջանա՝ բոլորիս պիտի հանդիպի ու սեղան գցի։ Պատմություններն ու ապագայի պլանները մեզ տարել էին տարբեր վայրեր ու ժամանակներ, երբ տարածք մտնող մեքենայի ձայնը լսեցինք։ Ալիկը նորից արագ դուրս վազեց ու ձուլվեց անտառի մթին։ Դուրս եկանք։ Քիչ անց նկատեցինք մեզ մոտեցող սիլուետը. Ալիկինն էր, իսկ կողքին՝ բարձրահասակ ու հաղթանդամ մի տղա՝ ПК-ն ձեռքին։

– Ինչքան էլ դժվար էր քայլելը, ինչքան էլ համոզեցինք՝ Դավոն էդ ծանր ПК-ից չբաժանվեց, – ծիծաղելով՝ պատմում էին կողքից քայլող զինվորները։

Ալիկի աչքերի փայլը ցրեց անտառի թանձր խավարը։ Դավթի հետ հերթով գրկախառնվեցինք։ Տպավորություն էր, թե 1000 տարվա բարեկամներ ենք։ Ամբողջ գիշեր նստեցինք ու Դավթի կյանքը կերանք՝ շոր վերցրու, փոխվի, թեյ խմի, հաց կեր, հանգստացի… Էդ օրն առաջին անգամ Ալիկը հանգիստ քնեց, իսկ առավոտյան արդեն նոր խնդիր էր կատարում՝ պիտի տղերքի հետ դիրքերում լիներ ու հերթով հանդիպում էր սպաներին, որ իրեն էդ հնարավորությունը տային։ Ցերեկը մեր ընկերը՝ Դավիթ Թորոսյանն եկավ։ Ալիկի տղան՝ Դավիթը մեզ հետ էր, իսկ մյուս տղան՝ Արթուրը քիչ հեռու՝ իր ստորաբաժանման հետ։ Արագ գնացինք Արթուրի հետևից, որովհետև Ալիկին խոստացել էի, որ պիտի նկարեն տղերքի հետ ու նկարը տեղ հասցնեն։ Դավթի հրամանատարին խնդրեցի տղային կարճ ժամանակով թողնել՝ իմ պատասխանատվությամբ։ Երբ հետ եկանք, նկարողը՝ Թորոսյան Դավոն արդեն անհրաժեշտ ապրանքները մեքենայից իջեցրել ու շարժվել էր (էս մասին՝ հետո)։ Մի պահ տխրեցինք։

– Լիպոյի հեռախոսը լավ ա նկարում, չէ՞,-հարցրի տղերքից մեկին։
– Հա,-պատասխանեց։
– Ալի՛կ ջան, կանգնեք՝ նկարենք։ Ասել ենք, չէ՞, որ պիտի նկարենք քեզ՝ տղերքիդ հետ։

Լուսանկարն արդեն տեսնում եք։ Չգիտեմ՝ ոնց կարող եմ փոխանցել հարազատներին, որովհետև չհասցրինք էդ հարցը քննարկել։ Բոլորիս տրամադրությունը բարձր էր, քանի դեռ մեզ չփոխանցեցին, որ պիտի դուրս գանք ու այլ ուղղությամբ շարժվենք։ Համարներով փոխանակվեցինք։ Ալիկն ասեց՝ ամեն օր զանգեմ ու ասեմ, որ լավ ենք։ Հրաժեշտ տվինք իրար, իսկ ճանապարհին պարզվեց, որ մեզ հետ են ուղարկում։ Չեմ մանրամասնի, թե ինչո՞վ էինք մենք էնտեղ զբաղված (գոնե, հիմա, երբ կռիվը դեռ շարունակվում ա), բայց մեր՝ հետ գալու միակ մխիթարող հանգամանքն ինձ համար էս լուսանկարը տեղ հասցնելն ա։

Հայրն ու որդիները սահմանին են՝ կողք կողքի, հզոր։ Իրենց հաղթել հնարավոր չի։ Ամեն օր զանգում եմ Ալիկին, բայց միանալ չի ստացվում։ Վստահ եմ՝ լավ են ու լավ են լինելու։ Ալիկն ու տղերքը մեզ սեղան են պարտք…
#Հաղթելու_ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել