Ինչպես գիտենք, հարկադիր կատարողի որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Իսկ այս նորմի կիրառումն ապահովելու համար սահմանվել են երաշխիքային նորմեր:
Այսպես` քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարողն իրավունք ունի իր որոշմամբ կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 000-400 000 դրամի չափով:
Բացի այդ, դատական ակտի կատարմամբ պայմանավորված՝ հարկադիր կատարողին զրպարտելու, ինչպես նաև նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net