Գարեջրի և դրա արտադրության մասին տեխնիկական կանոնակարգի համաձայն` գարեջուրը թույլ ալկոհոլային, ածխածնի երկօքսիդով հագեցված, փրփրուն խմիչք է, որն ստացվում է գարեջրային խմորասնկերով գարեջրային քաղցուի խմորման մեթոդով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գարեջրի իրացման ժամանակ պետք է պահպանվեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:
Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող գարեջուրը պետք է ուղեկցվի համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
Արտադրողը (վաճառողը) պետք է սպառողին տրամադրի գարեջրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, որը կապահովի դրա ճիշտ ընտրության հնարավորությունը:
Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ հասկացվող, լրիվ և հավաստի, որպեսզի կանխարգելվեն սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնները` կապված գարեջրի բաղադրության, հատկությունների, սննդային արժեքի, բնույթի, ծագման, պատրաստման և օգտագործման հետ:
Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է տրվի անմիջապես գարեջրի սպառողական տարայի, պիտակի կամ, ցանկացած զուգորդությամբ, պիտակի, մանեկապիտակի, լրացուցիչ պիտակի, կափարիչի վրա և պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) գարեջրի անվանումը և տիպը` հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի պահանջները,
բ) արտադրող կամ մատակարարող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը (երկրի անվանմամբ) և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում),
գ) սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կազմակերպության (առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը,
դ) նախնական քաղցուի լուծամզման ակտիվության չափը` տոկոսներով (բացառությամբ համային ու բուրավետ հավելանյութերով հատուկ գարեջրի),
ե) էթիլ սպիրտի ծավալային մասի նվազագույն արժեքը («ալկ.` …. -ից ոչ պակաս» կամ «սպիրտ` …ծավ. -ից ոչ պակաս»),
զ) շշալցման տարեթիվը, ամիսը, օրը,
է) գարեջրի պատրաստման ժամանակ օգտագործված հիմնական հումքի անվանումը,
ը) սննդային հավելումները, բուրավետիչները, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը (առկայության դեպքում),
թ) պիտանիության ժամկետը,
ժ) պահման պայմանները,
ժա) ծավալը` լիտրերով,
ժբ) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:
Գարեջուրը պետք է լցվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սննդամթերքի հետ շփման համար թույլատրված շագանակագույն, կանաչ կամ սպիտակ գույնի ապակյա շշերի, պոլիէթիլենտերեֆտալատից կամ այլ պոլիմերային նյութերից շշերի, մետաղական բանկաների, տակառների և այլ տարաների մեջ, որոնց խցանափակումը պետք է իրականացվի հերմետիկորեն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սննդամթերքի հետ շփման համար թույլատրված խցանափակման նյութերով:
Աղբյուրը` Իրավաբան.net