Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.
1) հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.
2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.
3) հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը:
Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու նպատակով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե գտնում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը:
Հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները կարող են վիճարկել նաև այն անձինք, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե գտնում են, որ այդ որոշումներով խախտվել են իրենց իրավունքները:
Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների դեմ կազմակերպիչը կարող է հայց ներկայացնել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3-օրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` 24 ժամվա ընթացքում:
Վերը սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը և քննվում են 2 օրացուցային օրվա ընթացքում:
Եթե վերոնշյալ ժամկետների վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայցը ներկայացվում է դատարան, կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը:
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Գործն ըստ էության լուծող դատական ակտը ուղարկվում է հայցվորին և համապատասխան համայնքի ղեկավարին:
Աղբյուրը` Իրավաբան.net