Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտահերթ նիստի ժամանակ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում սոցիալական փաթեթի շահառուներին իրենց գումարներն ուղղել Հայաստանի կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանն ուղղված հիմնադրամներին:
Օրենսդիրի անդամներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ, սակայն, ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:
Նախագծով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռվում սոցփաթեթի գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:
Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Արդեն մշակվել է տվյալ որոշման նախագիծը, որով սահմանվել է, որ տվյալ հիմնադրամն այս պահի դրությամբ լինելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: