Գործատուներն իրավունք ունեն կամավոր հիմունքներով ստեղծելու գործատուների միություններ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, արհեստակցական միությունների, աշխատողների կոլեկտիվների և աշխատողների հետ փոխհարաբերություններում իրենց անդամների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի մշակման և քննարկման գործընթացում ու աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ-տնտեսական հարաբերություններում նրանց օրինական շահերը ներկայացնելու նպատակով:
Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին:
Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:
Որևէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործելու «գործատուների միություն» բառերը կամ պետական գրանցում ստանալու այդ անունով:
Գործատուների միության անդամներն ունեն հավասար իրավունքներ:
Կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում գործատուների միության անդամներն իրավունք ունեն`
1) գործատուների միության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու նրա ղեկավար մարմինների կազմավորմանը.
2) գործատուների միության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնելու նրա գործունեության հետ կապված հարցեր, մասնակցելու դրանց քննարկմանը, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու որոշումների ընդունմանը.
3) մասնակցելու գործատուների միության կողմից մշակվող աշխատանքային և դրանց հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմանագրերի մշակմանը և կազմմանը.
4) ստանալու տեղեկություններ գործատուների միության գործունեության, նրա կնքված պայմանագրերի և դրանց բովանդակության վերաբերյալ.
5) ստանալու գործատուների միությունից աջակցություն` աշխատանքային օրենսդրության և դրա հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման հարցերում, աշխատանքային հարաբերություններ պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման գործում, կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի կնքման և ծագած կոլեկտիվ ու անհատական աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում:
Գործատուների միության կանոնադրությամբ միության անդամների համար կարող են նախատեսվել այլ իրավունքներ:
Գործատուների միության անդամները պարտավոր են`
1) կատարել գործատուների միության կանոնադրության պահանջները,
2)պահպանել գործատուների միության կնքած համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի պայմանները և կատարել դրանցից բխող պարտավորությունները:
Աղբյուրը` Իրավաբան.net