Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կոնֆլիկտում։
Թուրքիան մշտապես Ադրբեջանին ցուցաբերել է ուղղակի եւ անուղղակի ռազմական օգնություն եւ այս պատերազմում Թուրքիան ներգրավված է իր մարմնի բոլոր մասերով։ Մեւլութի հայտարարությանը զուգահեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարում է, թե ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի մասնակցության մասին ԶԼՄ -ների տեղեկությունն ու ասում, թե ՄԱԿ-ը միջոցներ չունի պարզելու Թուրքիայի մասնակցության հարցը։ Մեր բոլոր սիրելի «միջազգային հանրությունը» ոչ մի տարբերակ չունի իմանալու, որ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք, կործանիչներ եւ Սիրիայից հավաքագրում է ահաբեկիչների։
Օրը հազար անգամ Էրդողանն ու Չավուշօղլին կոնֆլիկտին ուղղակի միջամտության հայտարարություններ են անում, ՄԱԿ-ը չի ալարելու Էստոնիայի առաջարկով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու, բայց «վիձիտե լի», արդեն գիտեն, որ չեն կարողանալու հաստատել Թուրքիայի մասնակցությունը այս ռազմական հակամարտությանը։
Երեւի ՆԱՏՕ-ն եւս, որի կարկառուն անդամ է Թուրքիան, ոչնչից տեղյակ չէ ու չգիտի, թե ինչ ռազմատեխնիկա է հենց էս պահին կրակում Արցախի դեմ։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը տեւական ժամանակ ուզում էր հասկանալ՝ եթե ինքը ցանկություն ունի խոսել Եվրոպայի հետ, ո՞ւմ պիտի զանգի։
Հիմա ինձ մոտ մեծ ցանկություն կա խոսելու «միջազգային հանրության» հետ, որպեսզի հասկանամ՝ ինչ որ մեկը բռնելո՞ւ է Թուրքիայի ձեռքը, թե՞ ինչ։
Անկեղծ՝ չգիտեմ ում զանգեմ, եւ ով է այլեւս մարդու իրավունքներից, պատերազմի մերժումից ու իր հողում ապրելու քաղաքացու անօտարելի իրավունքից խոսող այդ «միազգային հանրությունը»։
Հա, Թուրքիայի հետ «պասերով» գործակցող Ադրբեջանի ռազմական հանցագործ նախագահը Մեւլութ Չավուշօղլու հայտարարությունից հետո մի սրտաճմլիկ ճառ է ասել, թե բա Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման։ Ու դարձյալ չկա կորուսյալ «միջազգային հանրությունը», որ ասի՝ յա, իրո՞ք։
ՌԴ նախագահի մամլո խոսնակը անմիջապես արձագանքել է Մեւլութ Չավուշօղլու հայտարարությանը, կոչ անելով զերծ մնալ իրավիճակի է՛լ ավելի էսկալացիայից»։