Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մենք ՊԵՏՔ Է օգտագործենք մեր զինանոցի ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ։ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։
Մասնավորապես՝ Ադրբեջանը շարունակաբար խախտում է իր իսկ կողմից վավերացված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան։
Ամենաբարձր քաղաքական մակարդակով, դպրոցներում, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով տարածվող ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ, ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ կազմակերպված քարոզն ու քաղաքականությունն ուղղակիորեն խախտում են նշված Կոնվենցիան մի քանի դրվագներով։
Արցախը հայաթափելու քաղաքականությամբ պայմանավորված՝ զինված հարձակումները քաղաքացիական բնակչության վրա այս քաղաքականության ակնհայտ դրսևորումն են։
Պետք է դիմել Արդարադատության միջազգային դատարան և միջնորդել արդեն հիմա կիրառել միջանկյալ միջոց։
Հիշեցնեմ, որ այս Կոնվենցիայով Ադրբեջանն ընդունել է Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը և հետևաբար չի կարող խուսափել դատարանից։
Հ.Գ. Մեզ են դիմում Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող միջազգային իրավունքի փորձառու մի շարք մասնագետներ, ովքեր պատրաստ են միահամուռ ջանքերով կազմակերպել այս գործընթացը»։