Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բարեկամներ, սիրելիներ, թեև ամեն պահ բոլորիս ուշքն ու միտքն Արցախից լուրերն են, Արցախին ու բանակին օգնելն է, այդուհանդերձ, խնդրում եմ, հնարավորության դեպքում, մասնակցել զինվորների հոգեհանգիստներին: Մեր կարեկցանքի, հոգատարության, խոնարհումի ու հաղթելու խոստումի բառերն ու ամուր գիրկը շատ կարևոր են վշտի մեջ գտնվող մարդկանց համար: Հարազատի, ընկերոջ, ծանոթի ցավակցությունը շատ բնական է, բայց անծանոթի ապրումակցումը, հավատացեք, իսկապե՛ս, ամրապնդում է մարդկանց: Խնդրում եմ՝ այնպես ամուր գրկենք ծնողներին, կարծես կգրկեինք իրենց ու արդեն մերը դարձած տղաներին: Ես ինքս այս օրերին հարազատների կողքին լինելու կարիք ունեմ»։