Երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, որևէ հաջողություն չեն արձանագրել․ Արայիկ Հարությունյան

Լայնածավալ մարտական գործողություններն Արցախում ընթանում են Օմարից մինչև Արաքս, որևէ տեղ որևէ բան չի փոխվել։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավը՝ Արաքսի, Ջրականի (Ջաբրայիլի) ուղղությունը, և հյուսիս-արևելյան ուղղությունը՝ Թալիշ, Մադաղիս, Եղնիկներ հատվածում։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել նաև Մռավի ուղղությամբ, որ երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, որևէ հաջողություն չեն արձանագրել, մարտական գործողությունները շարունակել են Օմարի ուղղությամբ»,-ասաց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով, հարավային ուղղությամբ, օրինակ Կարախանդիլ գյուղի հատվածում տասնյակ տանկեր են մոտեցել, խփվել են հայակական ԶՈՒ-երի կողմից, նորից տանկեր են եկել։

«Ադրբջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել մեր կապի բնագավառում։ Ամիսներով պատրաստվել են այսօրվա, որպեսզի կարողնան փորձել վնասել մեր կապի ուղղությունները և բոլոր մասնագետներն ասում են, որ դա օրերի խնդիր չի։ Այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և նրանք անցել են հակահարձակման, դա ընդամենն ապացուցում է հերթական անգամ, թե ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որ ստում է ամբողջ աշխարհին»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահի խոսքով, նա նշեց, որ Ադրբեջանն այժմ օգտագործում է հարձակվողական, այլ ոչ՝ պաշտպանողական զենքեր։

«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր և նաև մարդկային մեծ կորուստներ ունեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Լելե-Թեփե բարձունքի գրավմանը՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունեն, քանի որ գնում է համատարած, լայնատարած պատերազմ։ Պետք է շատ ավելի ծանր, երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել