Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զինծառայողի զոհ։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ:
«Ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել են հակառակորդի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի կենդանի կորուստ»,- նշեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 58 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։