«Պաշտպանության մասին» 27-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմատրանսպորտային պարտականությունը (պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործում) խաղաղ և ռազմական դրության ժամանակ տարածվում է պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների, ռազմական դրության ժամանակ` նաև անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների վրա և իրականացվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին ամրացված կամ սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների (բացառությամբ անձնական օգտագործման թեթև մարդատար ավտոմոբիլների) վերաբերյալ տեղեկությունների հավաքման և այդ տրանսպորտային միջոցների ներգրավման միջոցով:
Սույն մասի համաձայն` տրանսպորտային միջոց են համարվում մարդկանց կամ բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցները (այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը և մեխանիզմները), որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այն չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և նրանց ներկայացուցչությունների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը և այդ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացնում են տարածքային զինվորական կոմիսարիատները:
Տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքման շրջանակներում`
1) տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող իրավասու պետական լիազոր մարմինը տրանսպորտային միջոցների հաշվառման (այդ թվում` վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) տվյալները ամիսը մեկ փոխանցում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ.
2) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:
Նման պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Խաղաղ ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի պատրաստականության ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով վարժական հավաքներ, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներ, զորախաղեր անցկացնելու դեպքերում (այսուհետ` անցկացվող միջոցառում)` համաձայն անցկացվող միջոցառման ապահովման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակների: Անցկացվող միջոցառման շրջանակներում տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է ըստ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների (բացառությամբ քաղաքացիների) գրանցման կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:
Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է կենտրոնացված կարգով` այդ նպատակով ստեղծված տրանսպորտային միջոցների ընդունման-հանձնման կետերում` տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:
Նախատեսված դեպքերում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով: Սույն մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում: