8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելուց հետո Գեորգի Ավետիսյանը ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել էր Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր․ «ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է 3 ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում է ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել լինել հետևողական: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել