Որոշ դպրոցների տնօրեններ կարգապահական տույժի են ենթարկվել՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մարզային ենթակայության որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

«Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դրամահավաքը չկանխելու, աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Նշենք, որ մինչև ահազանգերը, մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ ամենատարբեր ձևաչափերով խորհրդակցությունների և հանդիպումների ընթացքում բազմիցս զգուշացվել է՝ դպրոցներում բացառել դրամահավաքներն ու այլ արատավոր երևույթները, հատկապես համավարակի պայմաններում ծնողների ուսերին հավելյալ բեռ չավելացնել ու զերծ մնալ կրթական գործընթացի՝ ֆինանսական հարցերում վերջիններին ներգրավվելու փորձերից:

Կոտայքի մարզպետարանը այսուհետ ևս խիստ վերահսկողություն է իրականացնելու մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում դրամահավաքության բացառման ուղղությամբ՝ այս գործում հենվելով նաև ծնողների պահանջատիրության, զգոնության և աչալրջության վրա՝ նրանց խնդրելով նման դեպքերում և՛ ահազանգել, և՛ իհարկե, չհանդուրժել, իսկ մեր դպրոցների տնօրեններին ևս մեկ անգամ հորդորում ենք՝ գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և լիազոր մարմնի հանձնարարականների համաձայն»,֊ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել