ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցից ստացված ահազանգով մեկնած մի խումբ ոստիկաններ հասնելով դեպքի վայր, նրանց «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ընդառաջ է դուրս եկել 25-ամյա երիտասարդ, որը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվայել արտահայտություն կատարելով ոստիկանների նկատմամբ, շարունակել է իր ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները, կարծելով, որ վերջինս կապ ունի ստացված ահազանգի հետ և դրանով է պայմանավորված նրա պահվածքը, շարժվել են նրա ետևից:
Հասնելով և կանգնեցնելով քաղաքացու ավտոմեքենան՝ ոստիկաններից մեկը մոտեցել է նրան, ներկայացել ի պաշտոնե և նրա կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ պարզաբանում պահանջել: Վերջինս ի պատասխան՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Այդ պահին ոստիկաններին է մոտեցել 25-ամյա քաղաքացու հայրը և հրել ոստիկանին՝ հայհոյելով, ապա, գետնից վերցնելով քար, բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների նկատմամբ:
Ոստիկանները, տեսնելով, որ հայր և որդի խոչընդոտում են իրենց պարտականությունների կատարմանը, վերջիններից պահանջել են իրենց հետ գնալ ոստիկանություն, իսկ նրանք ի պատասխան ոստիկանների իրավաչափ և օրինական գործողություններին` շարունակել են իրենց ագրեսիվ պահել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, որից հետո 25-ամյա քաղաքացին դիմել է փախուստի, իսկ նրա հայրը դիտավորությամբ ձեռքերով հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա քաղաքացուն և նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանցից նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: