Էներգետիկայի ոլորտում գալիք փոփոխությունները ստեղծում են անբարենպաստ միջավայր՝ ներդրումների համար․ իրավաբան Սարգիս Գրիգորյան

Իրավաբան Սարգիս Գրիգորյանի իրավական վերլուծությունը՝ արևային էներգետիկայի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի մասին․

«2020 թվականի հուլիսին հրապարակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2013 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 374-Ն որոշման մեջ և դրա հարակից որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որոնցով առաջարկվում է փոփոխել արևային էլեկտրակայանների սակագնային կարգավորումները և լիցենզավորման գործընթացը։ Փաստացի իշխանությունները կանխամտածված կերպով փոխում են արևային էներգետիկայի բնագավառում «խաղի» կանոնները 

Սա պետության կողմից հեռատեսական և մշակված ներդրումային քաղաքականության բացակայության արդյունք է, որը հանգեցնում է ներդրումային միջավայրի անկայունության և անկանխատեսելիության: Պետության կողմից ձեռնարկված վերոնշյալ օրենսդրական փոփոխություները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ և վնասներ պատճառել թե՛ պետությանը, թե՛ տեղական և օտարերկրյա ներդրողներին:

Խնդրահարույց կարգավորումները

Այսպիսով՝ հարկ է նշել, որ Նախագծերում առկա են մի շարք խնդրահարույց մոտեցումներ, օրինակ՝ չի հիմնավորվում, թե ինչով է պայմանավորված Նախագծերի շրջանակում կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի համար հենց 0,9 գործակցի սահմանումը: Չկա որևէ պատճառաբանություն առ այն, թե սակագնի ձևավորման հիմքում ինչ սկզբունքային և մեթոդոլոգիական հիմքեր (հաշվարկ, բանաձև) են դրված, թե որն է նման գործակցի սահմանման հաշվարկման կարգը և ի վերջո արդյոք կարգավորումը ունենալու է հետադարձ ուժ, թե ոչ:

Նախագծերով չի հիմնավորվում նաև՝ ինչպես, ինչ չափանիշներով և սկզբունքների հիման վրա է գնահատվել հողատարածքի կամ էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման պայմանների փոփոխությունների՝ կայանի տեխնիկատնտեսական ցուցանիշների համար «բարելավող» բնույթ ունենալու հանգամանքը

Բացի դրանից, չի հստակեցվում՝ արդյոք ենթակայանի, հենասյունների և սարքերի տեղադրման համար ձեռք բերվող հողատարածքները համարվում են հողատարածքի փոփոխում (ընդլայնում): Հարկ է նշել որ դա ընդունելի չի լինի ներդրողների համար, քանի որ շատերի համար լիցենզիա ստանալու պահին նման պահանջներ չեն եղել:

Պետությունը պետք է հաշվի առնի, որ՝

Հայաստանում էներգետիկայի ոլորտում ունենք տարբեր երկրների ներդրողներ, ինչպես օրինակ՝ ներդրողներ Իտալիայից, Ռուսաստանից, ԱՄՆից և այլն: Էներգետիկայի ոլորտում գալիք փոփոխություններն ընդհանրապես չեն բխում ներդրողների շահերից, այդ փոփոխությունները ստեղծում են անբարենպաստ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու համար

Վերոնշյալ փոփոխութուններով և դրանց հետադարձություն տալով՝ պետությունը կխախտի իրավական պաշտպանության. (legal protection) սկզբունքը, որի համաձայն՝ պետությունը պետք է հարգի ներդրողի օրինական ակնկալիքները, որ օրենսդրական փոփոխություններ տեղի չեն ունենա, և վիճակը վատթարացնող իրավական կարգավորումնեըը հետադարձ ուժ չեն ունենա արդեն իսկ կատարված ներդրումների նկատմամբ: Հակառակ պարագայում՝ ներդրողներն իրավունք կունենան պաշտպանելու իրենց շահերը միջազգային արբիտրաժային դատարանում: Պետության  կողմից ձեռնարկվող կամ ձեռնարկված միջոցառումները չպետք է խախտեն ՀՀ կողմից ստորագրված (թվով՝ 43) երկկողմ ներդրումային համաձայնագրերով (bilateral investment treaties) և Էներգետիկ խարտիայի պայմանագրով (Energy Charter Treaty) (ՀՀն անդամակցում է սկսած 1994թ.-ից), սահմանված` արդարացի և հավասար վերաբերմունքի սկզբունքը, ամբողջական/իրավական պաշտպանության սկզբունքը և անուղղակի բռնագրավման չենթարկելու սկզբունքը

Խախտումների իրավական հետևանքները

Պետությունն իր ներդրումային քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնի միջազգային արբիրտաժային փորձը և նախադեպային գործերը, որոնց հիման վրա փորձի շտկել կամ առնվազն կանխարգելել հնարավոր սխալների և վնասների ռիսկը:

Հարկ է նշել, որ միջազգային ներդրումային իրավունքում յուրաքանչյուր պետություն պետք է իր տարածքում ապահովի ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները (fair and eqitable treatment & minimal standart): Ստանդարտի համաձայն՝ օտարերկրյա ներդրումներին և ներդրողին Հայաստանում տրվում է նվազագույն ստանդարտից առավել պաշտպանություն: Արդար և հավասար վերաբերմունքը ներառում է` ներդրողի օրինական, օբյեկտիվ և խելամիտ սպասելիքների հարգանքը: Այսինքն՝ եթե պետությունը ստեղծել է այնպիսի միջավայր և օրենսդրական նորմեր, տվել է այնպիսի «խոստումներ», որոնց հիման վրա ներդրողը կատարել է իր ներդրումը, առավել ևս եթե արդեն տրվել են լիցենզիաներ որոշակի ժամկետների համար, դրանց պայմանները չեն կարող միակողմանիորեն փոփոխվել՝ վնաս հասցնելով ներդրողին և կոտրելով վերջինիս սպասելիքները: Արգենտինայի դեմ գործով տրիբունալը արձանագրել է, որ հյուրընկալող պետության իրավական դաշտի փոփոխությունը հանգեցնում է արդար և հավասար վերաբերմունքի խախտմանը, քանի որ կայունությունը և կանխատեսելիությունը այդ սկզբունքի կարևոր բաղադրիչ են

Բացի դրանից՝ ներդրումները չպետք է բռնագրավվեն կամ ազգայնացվեն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, այնպիսի միջոցառումների իրականացմամբ, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվում են ի շահ հասարակության, անխտրական ձևով, պատշաճ փոխհատուցմամբ և օրենքով սահմանված ընթացակարգերով: Օրինակ` Լատվիայի դեմ գործով արբիտրաժային դատարանը արձանագրել է, որ սկզբնական սակագնի կտրուկ փոփոխությունը հանգեցնում է անուղղակի բռնագրավման, քանի որ դրա հետևանքով ներդրումը դառնում է «տնտեսապես անկենսունակ» և «արժեզուրկ»: 

Էներգետիկայի ոլորտում նմանատիպ վեճեր այժմ քննվում են միջազգային արբիտրաժային դատարաններում: Օրինակ՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (անգլ.՝ ICSID) կողմից քննվող գործերից մեկի շրջանակներում՝ Իսպանիայի և ներդրողի միջև առկա էր համաձայնություն առ այն, որ շուրջ 25 տարի էլեկտրական էներգիայի սակագները կլինեն ֆիքսված: Սա ընդամենը մեկն էր այն 30 գործերից, որոնք ներկայացվել էին Իսպանիայի դեմ՝ 2010 և 2014թթ. Իսպանիայի կողմից կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Արբիտրաժային տրիբունալը օգոստոսի 31-ի վճռով հաստատել է, որ էներգետիկայի ոլորտում Իսպանիայի կողմից ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրողի օրինական ակնկալիքները խախտվել են, և պարտավորեցրել է Իսպանիային փոխհատուցել ներդրողին կրած վնասները, քանի որ վերջինս խախտել էր Էներգետիկ խարտիայի պայմանագրի համապատասխան դրույթները: Արբիտրաժային տրիբունալը մեկ այլ գործով 2017թ. մայիսին արձանագրել էր արդար և հավասար վերաբերմունքի խախտում Իսպանիայի կողմից և պարտավորեցրել՝ ներդրողներին վճարել շուրջ 128 միլիոն եվրոյի փոխահատուցում

2005թ. Չեխիան երաշխավորել էր ներդրողներին, որ սակագինը 1 տարվա ընթացքում 5 տոկոսից ավել չի նվազեցվի: Սակայն, Չեխիայի կառավարությունը ընդունել էր որոշում, որով արևային էներգետիկայից ստացված եկամուտները հետադարձ կերպով բռնագանձվել էին, իսկ հաշվարկվող սակագինը կտրուկ նվազեցվել: Նատլանդի տրիբունալը 2017թ. կայացրած որոշմամբ եզրակացրել էր, որ Չեխիայի կողմից խախտվել է Էներգետիկ խարտիայի պայմանագով սահմանված արդարացի և հավասար վերաբերմունքի սկզբունքը:

2016թ. Իտալիայի սահմանադրական դատարանը մերժեց ներդրողների փաստարկներն առ այն, որ Իտալիայի կողմից 2014թ. կայացված սակագնային կտրուկ փոփոխության մասին որոշումը կամայականորեն և անհիմն կերպով միջամտում է երկարաժամկետ պայմանագրերին, ինչը խախտում է իրենց օրինական ակնկալիքները: 2018թ. դեկտեմբերին Ստոկհոլմի առևտրի պալատը արձանագրեց Իտալիայի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի խախտում՝ ներդրողների օրինական ակնկալիքների մասով, և պարտավորեցրեց հատուցել ներդրողների կրած վնասները

Այսպիսով, չպետք է մոռանալ, որ ՀՀն Էներգետիկ խարտիայի պայմանագրի անդամ է դեռևս 1994թ., որոնցով պարտավորվել է ներդրողների նկատմամբ ապահովել արդար և հավասար վերաբերմունքը, որն իր մեջ ներառում է ներդրողի օրինական, օբյեկտիվ և խելամիտ սպասելիքների հարգանքը: Հետևաբար՝ պետությունը ավելի ողջախոհությամբ և լրջությամբ պետք է մոտենա օրենսդրական փոփոխություններ կատարելուն, մշակի հստակ ներդրում ային քաղաքականություն, որպեսզի թե՛ պետությունը, թե՛ ներդրողները վնասներ չկրեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել