«Շենգավիթ» բժշկական կենտրոնը չի ընդունում, բացթողում չի եղել․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԲԿ-ում գրանցված ծննդկան Սեդա Ասատրյանի մահվան դեպքի հանգամանքներին։
Նա նախ իր և ԲԿ-ի անունից ցավակցություն հայտնեց Սեդայի ընտանիքին։
Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով, ցանկացած մոր, նորածնի կյանք դա իրենց աշխատանքն է, ցավն է, գերպատասխանատվության խնդիր ունեցող հարցը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Սեդա Ասատրյանի հղիությունը հսկող բժիշկը «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանն է եղել։
«Ես բժիշկ Սիրունյանի հետ այդ հարցով չեմ զրուցել, ես ներկայացնում եմ մեր կենտրոնի ընդհանուր վերաբերմունքը հարցին և ներկայացնում եմ մեր ստեղծված իրավիճակը։ Չեմ ընդունդում, բացթողում չի եղել։ Ես, որպես ադմինիստրացիայի ներկայացուցիչ ուսումնասիրել եմ ծննդաբերության պատմությունը և դրա հիման վրա տվել եմ տեղեկատվություն»,-ասաց բժիշկը։
Ռուսուդան Վարդանյանը նշեց, որ ծննդկանի հակաբիոտիկից ալերգիա ունենալու մասին տեղյակ եղել են և օգտագործել են այլ խմբի հակաբիոտիկ, իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պետք է փորձ՝ «պրոբ» կատարվեր, ապա ժամանակակից բժշկությունը հրաժարվել է նաև այդ փորձարկումներից, քանի որ դա անգամ կարող է բերել լուրջ խնդիրների, անգամ անաֆիլաքսիայի։
Նրա խոսքով Աշոտ Սիրունյանն այժմ էլ շարունակում է իր աշխատանքը, ծնունդներ է ընդունում։
Մանրամասները՝ տեսանյութում