Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի

2020թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ  բուժօգնության են դիմել  Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին՝ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» վնասվածքներով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին  վերոնշյալ վնասվածքներն ստացել են  Սևան քաղաքի 21-ամյա բնակիչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ: Դեպքի վայրից շուրջ 600 մետր հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել