Ե՞րբ կհաստատվի Դիանա Գալոյանի ռեկտորի պաշտոնը․ ՀՊՏՀ ուսանեղների և դասախոսների մի մասի բողոքի ակցիան

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը և ուսանողների մի մասը բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրված Դիանա Գալոյանին օրենքով ընդունված կարգով նշանակեն իր պաշտոնին: 

Ի աջակցություն ուսանողների  և դասախոսական անձնակազմի, կառավարության դիմաց էր եկել նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

Նա ասաց, որ նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, սակայն դեռ պատասխան չի ստացել, Ազգային Ժողովում ևս այս հարցն ուղղել է ԿԳՄՍ նախարարին, որն էլ պատասխանել է, թե կա խնդիր և քննարկում են: Միքայել Մելքումյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչ հիմնավորումով է, որ միչև հիմա կառավարությունը չի հաստատում ընտրության արդյունքները: 

Դասախոսները շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ: Պարզապես ցանկանում են հասկանալ, թե ե՞րբ կստանան կառավարության հաստատումը և կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ համալսարանում շատ աշխատանքներ կիսատ են մնում ռեկտոր չունենալու պատճառով: 

Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին ու մի քանի դասախոսների թույլ տվեցին մտնել կառավարության շենք՝ բանակցությունների համար: Մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք կառավարության շենքում հանդիպել են Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պատասխանատու աշխատակցի հետ և թերևս հստակ պատասխան չեն ստացել: Նշել են, որ հարցի ներկայացումը կարող է տևել ժամեր:

«Մենք, ի վերջո, մտավորական մարդիկ ենք ու մենք չունենք քաղաքական նպատակներ, մենք չենք պատրաստվում երկարաժամկետ էստեղ կանգնել: Մենք հիմա կգնանք համալսարան, համալսարանում կսպասենք ժամեր, թե երբ մեզ կտան վերջնական ռացիոնալ որևէ պատասխան, թե ինչու՞ մեր օրինական ընտրված ռեկտորը մինչև այսօր օրենքի պահանջով նշանակված չի: Նշանակելու են, թե՝ չեն նշանալելու և խնդիրը ինչումն է, որ մինչև ասօր չեն նշանակել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբան․netգրել էր, որ Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է։ 

Նրա ընտրության վերաբերյալ մի շարք մտահոգություններ է հայտնել նաև Երևանի ավագանու անդամ, ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել