ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ  գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով  հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել