Ես երկար եմ մտածել պատասխանել, թե ոչ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի խնդրանքին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, ըստ որի Արայիկ Հարությունյանը ենթարկվում է ՀՀ իշխանություններին:
«Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս, դա մեր բոլորիս երազանքն է, բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի և այս հարաբերությունները նպաստում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի, սոցիալ- տնտեսական զարգացմանը»,-նշել է Արցախի նախագահը և հավելել․ «Երևի ենթակա ասելով նա նկատի ունի, որ ես իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ավելի շատ եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ Հայաստանի Հանրապետության ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում: Այս մի քանի ամիսների ընթացքում շատ ավելի մեծ մասնակցություն ու ներգրավվածություն եմ ունեցել մեր երկու երկրների անվտանգային ծրագրերին, քան եղել է նախկինում: Երևի նա նկատի ունի, որ նախկինում ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր չեն եղել, հիմա լինում են»,- նշել է Հարությունյանը: