Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ շարունակվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներկայացրած քաղաքացիական հայցի քննությունը։ Հայցը ներկյաացվել է ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։
Գործը ապացուցման բեռի բաշխման փուլում է:
Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը առաջարկեց հայցվոր կողմի վրա որպես ապացուցման բեռ դնել Գրիգորյանի արած արտահայտությունների՝ Յուրի Խաչատուրովին վերաբերելի, սուտ և արատավորող լինելը:
Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը պատասխանող կողմից պահանջեց ապացուցել, որ արված արտահայտությունները եղել են գնահատողական և արտահայտել են կարծիք:
Ստեփան Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը և այլ գեներալներ հողեր են վաճառել Ադրբեջանին, դրա դիմաց գումարներ են ստացել, չեն կատարել իրենց մասնագիտական և աշխատանքային պարտականությունը և երբ հայ զինվորները սկսել են այդ հողերը ազատագրել, նշված անձինք խոչընդոտել են և թույլ չեն տվել, որպեսզի այդ պրոցեսը տեղի ունենա։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի նաև այս տվյալների հավաստիությունը։
Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Նինա Հակոբյանն էլ իր հերթին հայցվոր կողմից պահանջեց ապացուցել, որ Ստեփան Գրիգորյանի կողմից արված հայտարարությունները միտված են եղել Յուրի Խաչատուրովի անձը վիրավորելուն և պատիվը արատավորելուն:
Ըստ Նինա Հակոբյանի՝ Ստեփան Գրիգորյանը այդ արտահայտություններն արել է որպես մտահոգություն, առաջ է բերել դրվագներ, որոնք վերաբերել են այդ շրջանի քաղաքական գործիչներին և արտահայտությունները եղել են քաղաքական կոնտեքստում:
Ըստ հայցվոր Յուրի Խաչատուրովի, Ստեփան Գրիգորյանը խախտել է իր պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի և անձեռնմխելիության իրավունքը: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդում է, որ վերլուծաբան Ստեփան Գրիգորյանն ունի կարծիքի ազատ արտահայտման իրավունք, բացի դա նրա արտահայտությունները բխել են հանրային շահից, քանի որ այդ շրջանում հասարակությունը մտահոգված է եղել ապրիլյան պատերազմի և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններով:
«Այս դեպքում չպետք է Ստեփան Գրիգորյանի վրա դրվի իր մտահոգությունները բարձրաձայնելու, քաղաքացիներին իրազեկելու նպատակով տարածած ինֆորմացիայի ճշմարտացիության ապացուցումը»,-նշեց Նինա Հակոբյանը:
Դատարանը ապացուցման բեռը բաշխեց հայցվորի և պատասխանողի միջև և ժամանակ տրամադրեց ապացուցման ենթակա նյութերի ձեռք բերման և ձեռք բերման միջնորդություն ներկայացնելու համար: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ին:
Հասմիկ Սարգսյան