«Այսօր նամակ եմ ուղղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Ազգային Ժողովի 5-րդ նստաշրջանում օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք»։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթ ուղղություններից մեկը` շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնամուխ է եղել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման գործընթացին։
Ինչպես հայտնի է՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։ Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։
Կարևորելով այլընտրանքային, բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ Ձեզ ենք տրամադրում բազմակի օգտագործման տոպրակը՝ որպես անվտանգ շրջակա միջավայրի խորհրդանիշ։
Բազմակի օգտագործման տոպրակների կիրառման Ձեր անձնական օրինակը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում նոր մշակույթի ձևավորման համար»։
ԱԺ նախագահին ուղղված նամակին կցվել են 132 կանաչ՝ բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք ուղարկվել են Ազգային ժողով։ Իմ կարգադրությամբ բազմակի օգտագործման տոպրակների մեկական օրինակ կփոխանցվի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ նամակի հետ միասին»։