Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։
Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում։
Հիշեցնենք, որ գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։